Pages

Աշխուժակ թիմը

19 Հոկտեմբեր 2015 / Կողմից
 (Նկար: )

«Աշխուժակ» առցանց ռադիոն անկախ պլատֆորմ է, որի առաքելությունն է ակտիվիստներին հնարավորություն տալ իրենց գաղափարները հասարակության հետ կիսել, նրանց խոսքը հասցնել լայն լսարանին եւ առհասարակ ակտիվիզմին վերաբերող հարցերի մասին քննարկումներ կազմակերպել։

«Աշխուժակն» իր անվանումը ստացել է «ակտիվիստ» բառի թարգմանությունից, որը շրջանառության մեջ դրվեց Զարուհի Հովհաննիսյանի կողմից։ «Աշխուժակի» հաղորդումներից մեկում նա պատմում է, թե ինչպես առաջացավ «ակտիվիստ» տերմինի թարգմանության միտքը։

Ռադիոն վարում են երեքով՝ Հեղինեն, Արմենը եւ Մամիկոնը։ Մամիկոնը զբաղվում է ծրագրային հարցերով, Հեղինեն եւ Արմենը՝ հաղորդումների պատրաստմամբ։

֊Թիրախային խումբը հասարակության այն շերտն է, որը ցանկանում է ապրել ավելի ազատ երկրում, որտեղ մարդկանց իրավունքները հարգվում են, այն մարդիկ են, ովքեր հետաքրքրված են ակտիվիզմով,֊ նշում է Արմենը։

Ամսական երկու անգամ դուրս եկող «Աշխուժակ» ծրագրի շրջանակներում նրանք կազմակերպում են քննարկումներ ակտուալ թեմաների շուրջ, քննարկման հարցում որոշակի հեղինակություն ունեցող հյուրի հետ։ Սակայն, ինչպես նշում է Արմենը, նրանք միշտ չէ, որ հստակ օրվա հետ կապված հաղորդումներ են պատրաստում (ինչպես հոմոֆոբիայի դեմ պայքարի օրվա դեպքում), քանի որ ըստ նրա այդ խնդիրների մասին պետք է միշտ էլ խոսել՝ չսահմանափակվելով միայն մեկ օրով։

Նրանց հաջորդ հաղորդումները, ինչպես նրանք գրում են իրենց ֆեյսբուքյան էջում, նվիրված են լինելու  ՀՀ քաղաքացիական հասարակությունում ակտիվություն ծավալած անհատներին։ «Աշխուժակն» առաջարկում է ունկնդիրներին իրենց մասնակցությունն ունենալ զրուցակիցների ընտրության հարցում։

Մոտ ապագայում պատրաստվում են մի շարք համագործակցություններ իրականացնել․ պլանավորվել է համատեղ ծրագիր սկսել երկու հայկական եւ մեկ վրացական ռադիոյի հետ, «Կանանց Ձայն» ռադիոյի հետ,  ինչպես նաեւ մտահղացում կա հեռարձակելու այլ հարթակների հաղորդումներ։ Պետք է նաեւ ուրախությամբ նշեմ, որ սեպտեմբերին նրանք ունեցել են իրենց առաջին ուղիղ եթերը եւ պատրաստվում են շարունակել՝ լուսաբանելով բողոքի ցույցերը հենց դեպքի վայրից։

Գրել մեկնաբանություն

Մեկնաբանություններն անջատված են այս հոդվածի համար